The easiest way to skyrocket your YouTube subscribers
Get Free YouTube Subscribers, Views and Likes

Էս ծիրանը թափելու ենք կառավարության դեմը․ արտահանողները սնանկության եզրին են

Follow
Epress. am

Ռուսաստան գնացող ծիրանը, դեղձն ու սալորը փչանում է հայվրացական սահմանին և Արմավիրի պահեստներում։ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը մթերքի լաբորատոր փորձաքննության նախապայման է դրել արտահանողների առաջ։ Տնտեսվարողները բողոքում են՝ պիկ սեզոնին փորձաքննությունը ձգձգվում է, սպասում են օրերով, վերջում բացասական եզրակացություն են ստանում։ «Տոննաներով ապրանքի վրա արտահանման արգելք է դրվում, որովհետև մի արկղի մեջ թրթուռ է հայտնաբերվել»։

«Ռուսն ասում է՝ [Հայաստանի տեսչական մարմնի] էտ թուղթը մեզ ոչ մի բան ա։ Մենք պա լյուբոմու ռուսներին կամ փող ենք տալիս ու մեր ավտոն անցնում ա, կամ ոչ մի բան չենք տալիս ու ավտոն անցնում ա», – ասում է արմավիրցի արտահանողներից մեկը։ Նրա բեռնատարները հետ են շրջվել սահման չհասած։ Ապրանքը վարձով սառցարաններում են պահում, որ չփչանա։

Տեսչական մարմնից հերքում են։ Լաբորատոր փորձաքննությունը ռուսական կողմի պահանջն է, անցած տարվանից խստացվել է կարգը, պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ստուգումները հայկական կողմը կանի՝ Epress.amի հետ զրույցում ասել է գերատեսչության խոսնակ Անուշ Հարությունյանը։ Ավելի հեշտացված կարգ, ըստ նրա, լինել չի կարող։ Եթե Հայաստանում չստուգեն, ստուգելու են Ռուսաստանում, «եթե այստեղ հետ չտանք, գնալու են՝ այնտեղի են հետ ուղարկելու»։ Եթե տեղում որևէ խնդիր առաջանա, ռուսական «շուկան կփակվի ամբողջ Հայաստանի համար»։ Մի պահ Ռուսաստանում բերքը կանգնել է, թույլ չեն տվել ներկրել։ Հարությունյանի խոսքով, Հայաստանի տեսչական մարմնի ղեկավարը գնացել, տեղում պայմանավորվել է, խոստացել է փորձաքննություն ներդնել։ Այլ տարբերակ, ըստ նրա, չկա։

Տնտեսվարողներն այս մոտեցման հետ համաձայն չեն. «Հիմա էն սեզոնն ա, որ մեր ապրանքը պետք ա արտահանվի, ու էտ ապրանքը չի գնում ոչ մի տեղ, ու էս պիկին լաբորատորիան չի հասցնում անալիզ անի։ Ապրանքը բարձվում ա մեքենան, գնում ա տերմինալ, տերմինալից նմուշը վերցնում են (որ ավտոյից ուզեն ու որտեղից ուզեն), ջերմային ռեժիմը խախտում են բերքի, հետո մեկ էլ զանգում ասում են՝ պատասխանը բացասական ա եկել, էտ ավտոն տարեք թափեք, բացասական պատասխանով չեք կարա տանեք ոչ մի տեղ։ Ասում են, խոսքի, տրիփս են գտել ծիրանի մեջ կամ ինչոր մի հատ թրթուռ են գտել, մեր դեպքում՝ «Կալիֆոռնիա վահանակիր»։ Ու էտ թղթուռի պատճառով տոննաներով ծիրանը պետք է աղբը լցնել։ Գյուղացին էնտեղ է տուժում, տնտեսվարողն էնտեղ է տուժում, բիզնեսմենը՝ էնտեղ, ոչ մեկ ոչ մի բան չի կարողանում անել»։

Տեսչական մարմինը խոսնակը հակադարձում է՝ ընտրանքը կատարվում է պատահական սկզբունքով, վերցվում է տարբեր տեղերից որոշակի քանակություն, ստուգվում է կարանտին օրգանիզմների դեմ․ «Դրանք հիվանդություններ են»։

Խոսքը հազարավոր տոննաների մասին է։ Արմավիրում հավաքված տնտեսվարողները մեկը մյուսին ընդհատելով պատմում էին՝ էս խնդրի առաջ հուլիսի 16ից են կանգնել, բոլորի մոտ բացասական պատասխաններ են, բոլորի ավտոները հետ են շրջվել, բոլորը հսկայական վարկեր, պարտքեր ու կորուստներ ունեն։

Ծիրանի և դեղձի պիկ սեզոնին լաբորատորիայի պահանջը, ըստ նրանց, պետք է հանվի։ Այդ պահանջը, ասում են, անցած տարվա աշնանն է ներդրվել և գործել է ընդհուպ մինչև անցած ամիս։ Արտահանողների բողոքներից հետո «լաբորատորիան մի ամսով հանել են», հիմա նորից հետ են մտցրել։ Այդ մեկ ամսվա ընթացքում, ըստ հավաքվածների, ոչ մի խնդիր ռուսների հետ չի առաջացել։

Տեսչականից նաև այս հայտարարությունն են հերքում։ Ասում են՝ կարգը ներդրվել է և երբեք չի հանվել։ Բերքը այս ամբողջ ընթացքում անխոչընդոտ Ռուսաստան է հասել «ոչ թե իրենց պայմանավորվելու, այլ տեսչականի ստուգումների շնորհիվ»։

Տեսչական մարմնի բացասական եզրակացությանը մթերողներն ու արտահանողները, ամեն դեպքում, լուրջ չեն վերաբերվում․ «Ուր որ մենք տանում ենք այդ ապրանքը, այնտեղ տեսչականի այդ թուղթը հաշվի չի առնվում։ ․․․Հիմա մի օրվա մեջ բարձած ավտոները հասել են սահման, սահմանին թույլ չեն տվել արտահանել։ Հարյուրից ավել ֆուռ է մնացել։ Սաղ հագել են տոկոսների վրա հիմա։ Ծիրանը, դեղձը, սալորը, գիլասը շուտ փչացող ապրանքներ են։ Մի ամիս սառնարանում է եղել, երեք օր՝ ճամփին կանգնած»։

Արտահանման բիզնեսը լոտորեա է․ ամեն սեզոնին նոր ռիսկեր են առաջանում բեռնատարների տերերի և բերքը մթերող ֆերմերների համար։ Տեսչական մարմնի «ստեղծած խոչընդոտները» արմավիրցիները համարում են անարդար․ «Էսա սնանկանալու ենք, մնանք վարկի տակ»։ Եթե կառավարությունը հարցին լուծում չտա, ասում են՝ բողոքի ակցիաներ են անելու։ Մտածում են ճանապարհ փակելու, միտինգ անելու, «փչացող ապրանքը կառավարության դեմը թափելու» մասին։

Թարմացումները՝ https://t.me/epressam

posted by Abschottpg